ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հուլիսի 20-ին տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից, նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԳԱԱ-ի, ՀՀ բուհերի, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԳԱԱ-ից և ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը և ՀՀ 2013 թվական պետական բյուջեում դրանք ընդգրկելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացրել: Նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: ԳՊԿ նախագահը ներկայացրել է նաև հաջորդ տարի նախատեսվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ըստ Ս. Հարությունյանի, մյուս տարի նախատեսվում է անցկացնել ,100 լավագույն գիտնականե մրցույթը, որի հաղթողներն ամեն ամիս կստանան համապատասխան հավելավճար: Բացի այդ, նախատեսվում է որոշակի գումար հատկացնել` մի շարք գիտական հաստատությունների համար երեք խոշոր սարքավորում ձեռք բերելու համար: Ս. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համատեղ իրականացվող գիտական ծրագրերը և միջազգային մրցույթները:
Նիստի ավարտին հանձնաժողովը հավանության է արժանացրել պետական կառավարման մարմիններից ստացված մի շարք առաջարկներ: